ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ (մաս 3-րդ)

Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ (մաս 3-րդ)
23.06.2013 | 12:48

(սկիզբը` այստեղ)


ՄԵՆ ԴԵ ԲԻՐԱՆ ՄԱՐԻ ՖՐԱՆՍՈՒԱ ՊԻԵՌ (1766-1824)

Ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա: «Անտրոպոլոգիայի նոր փորձերում» նա քննարկել է Աստծո և մարդու փոխհարաբերությունների թեման` հոգեբանության տեսանկյունից: Նա հաստատում էր ներքին ոգեշնչման գերակայությունը` հակադրելով արտաքին դրսևորումներին: Այնուհանդերձ, Մեն դե Բիրանը ավանդապաշտ էր և անհրաժեշտ էր համարում կրոնական սկզբունքների («բացարձակի օրենքների») խստագույն ու համընդհանուր պահպանումը հասարակական կյանքում: Նրա փիլիսոփայական որոնումները հանգեցին միստիցիզմին` մարդու «երրորդ ճանապարհին», զուգընթաց օրգանական կյանքին և խղճի ճանապարհին: Ֆրանսիացի փիլիսոփայի կարծիքով երրորդ ճանապարհը հնարավոր է` շնորհիվ ճանաչողության երկու հիմնարար միջոցների` մեդիտացիայի, որ բխում է մարդու մտածողական գործունեությունից, բայց ծառայում է աստվածությանը, և աղոթքի, որ կյանքի աստվածային իմաստին մերձենալու ձև է: 1820 թ. Մեն դե Բիրանը Ֆրանսիայի Մեծ Արևելքի Մեծ Վարպետ էր:

ՊԻԵՌ ՍԻՄՈՆ ԼԱՊԼԱՍ (1749-1827)
Ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ: Նրա գրչին է պատկանում «Երկնային մեխանիկայի մասին տրակտատը», որ Աբետին անվանել է վիթխարի սիմֆոնիա: «Աշխարհաստեղծման համակարգը» երկում Լապլասը ձևակերպել է արեգակնային համակարգի ծագման հայտնի հիպոթեզը: Պիեռ Սիմոն Լապլասը Ֆրանսիայի Մեծ Արևելքի պատվավոր Մեծ Վարպետ է եղել:

ԷԴՈՒԱՐԴ ՋԵՆԵՐ (1749-1823)

Անգլիացի բժիշկ, ծաղկի դեմ պատվաստումների հեղինակ: 1796 թ. Ջեները կատարել է աշխարհում առաջին պատվաստումը ծաղկի դեմ: Հայտնագործությունը նրան բարեկեցիկ կյանք էր խոստանում Լոնդոնում, սակայն նա նախընտրեց վերադառնալ Բերկլի և հաստատվել իր ծննդավայրում, այնտեղ էլ վախճանվեց` ծաղկից փրկելով աղքատներին ու ուսումնասիրելով թռչունների կյանքը: Էդուարդ Ջեները եղել է «Բարեկամություն» № 240 լոժայի Մեծ Վարպետ Բերկլիում 1811-1813 թթ.:

ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ (1749-1832)

Բանաստեղծ, փիլիսոփա, գիտնական: «Ֆաուստի» և «Վիլհելմ Մեյստերի» հեղինակ` Գյոթեն ռոմանտիկ արվեստի հիմնադիրն է համարվում: Աստծո մասին նրա պատկերացումները «համաշխարհային հոգու» հայեցակարգն են ներկայացնում, գոյություն ունեցող ամեն ինչ նա հանգեցնում է արքետիպերի աշխարհին: Գիտական հետազոտությունների ոլորտում Գյոթեն նպաստել է կոմպարատիվիստական ուսումնասիրությունների մեթոդոլոգիայի զարգացմանը: Նրա ուշադրության կենտրոնում էր բույսերի և կենդանիների աշխարհը: 1780 թ. հունիսի 23-ին Գյոթեն «մասոնական լույս» ստացավ Վեյմարի «Ամալիա» լոժայում: Հայտնի է հաջորդ օրը սիրեցյալին նրա գրած նամակը, որտեղ հաղորդում է արարողության ժամանակ իր ստացած նվերի` մի զույգ սպիտակ ձեռնոցի մասին: Գյոթեն մասոնության ջերմ կողմնակից էր մինչև կյանքի վերջին օրերը և իր լոժայի համար հիմներ ու ելույթներ էր գրում: Խիստ մասոնության համակարգում բարձրագույն աստիճաններ ունենալով հանդերձ` Գյոթեն նպաստել է Շրյոդերի բարենորոգումին, որն ուղղված էր օրդենի առաջին երեք ունիվերսալ աստիճանների գերակայության վերականգնմանը: 1833 թ. հանգուցյալ եղբայր Վիլանդի շիրմի առաջ Գյոթեն արտասանել է մասոնական տաճարում նշանավոր ելույթը` «Եղբայր Վիլանդի հիշատակին»:

ՌՈԲԵՐՏ ԲՅՈՌՆՍ (1759-1796)

Շոտլանդիայի ազգային բանաստեղծ: Բյոռնսը ձեռնադրվել է 1781 թ. հունիսի 4-ին «Սուրբ Դավիթի» № 174 լոժայում, Տարբոլտոնում, 1787 թվականից եղել է Էդինբուրգի № 2 «Քենոնգեյթ Քիլվինինգ» լոժայի ասոցիատիվ անդամ, այդ լոժայում էլ ընտրվել է բանաստեղծ-դափնեկիր: Բյոռնսը փխրուն առողջություն է ունեցել և վաղ է մահացել: Մասոն եղբայրները նրան քանիցս օգնել են ձերբազատվել նյութական ու կենցաղային դժվարություններից: Ռոբերտ Բյոռնսը հեղինակել է բազմաթիվ մասոնական բանաստեղծություններ, որոնցից ամենանշանավորը համարվում է «Հրաժեշտը», որով նա դիմում է «միևնույն միստիկ շղթայով հանգուցված իր թանկագին եղբայրներին»:

ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆ (1770-1827)

Մեծագույն կոմպոզիտորներից մեկը երաժշտարվեստի պատմության մեջ: Բեթհովենի սիմֆոնիաները երաժշտական ռոմանտիզմի հրաշալի հուշարձան են: Նրա ձեռնադրման ճշգրիտ թվականը հայտնի չէ, մասոն դարձել է երիտասարդության օրերին, Բոննում: Բեթհովենի մասոն լինելու վկայությունը նրա նամակն է մասոն Ֆրանց Վեգելերին, որտեղ համաձայնություն է հայտնում իր կանտատներից մեկը` «Das Werk beginnt»-ը, նվիրել մասոններին: Հայտնի է նաև, որ ժամանակի հետ Բեթհովենը հեռացել է մասոններից և չի մասնակցել նրանց ձեռնարկումներին:

ԷԴՄՈՒՆԴ ԿԻՆ (1787-1833)

Անգլիացի տրագիկ դերասան, խաղացել է Շեքսպիրի պիեսներում: Կինը Գլազգոյի «Սուրբ Մարկոսի» № 102 լոժայի անդամ էր:

ՍՏԵՆԴԱԼ )ԱՆՐԻ ՄԱՐԻ ԲԵՅԼ, 1783-1842)

Մասոնականության պատմաբան Ա.Մելորը գտնում է, որ Ստենդալի մասոն լինելը հայտնի չի դարձել հանրությանը, թեպետ նա որոշ ժամանակ օրդենի անդամ է եղել: Ամեն ինչ վկայում է, որ խոսքը Ստենդալի մասին է, երբ մասոնական փաստաթղթերում հիշատակվում է Բեյլ ազգանունը: Ստենդալը վիպասան է, գրական-քննադատական երկերի հեղինակ և փառաբանել է իր անունը «Կարմիրն ու սևը», «Պարմի մենաստանը» վեպերով, որոնց հիմնական բովանդակությունը հերոսների նուրբ հոգեբանական վերլուծությունն է:

ՇԱՐԼ ՖՈՒՐԻԵ (1772-1837)

Փիլիսոփա և ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ: «Համաշխարհային միասնության տեսության» մեջ նա նկարագրել է ուտոպիստական համայնքը` ֆալանգը, որ ունի 1600 անդամ: Ֆուրիեն իբրև «ձգողականության օրենք», որ միավորում է մարդկանց աշխատանքային կազմակերպության մեջ, ընդգծում է նրանց հարկադրանքից ու խորթացումից ազատվելու ձգտումը արտադրողի և սպառողի լիակատար միաձուլման ճանապարհով: Ֆուրիեի ոգով համայնքային կյանքի կազմակերպման բազմաթիվ փորձեր են ձեռնարկվել նույնիսկ Ամերիկայում Նոր Անգլիայից եկած ինտելեկտուալների ջանքերով: Ֆուրիեի ձեռնադրման մանրամասները հայտնի չեն: Նրան է վերագրվում հայտնի խոսքը. «Մեր հարյուրամյակում ծագեց միանգամայն նոր հարց: Մեր դարը հրաժարվեց օգտագործել նշանակալից ուժերը, որ առաջարկում էին մասոնները: Մասոնականությունը հիշեցնում է չմշակված ալմաստ, որն անտեսել ենք` չիմանալով իրական արժեքը»:

ՊԻԵՌ ԺՈԶԵՖ ՊՐՈՒԴՈՆ (1809-1865)

Ազատամիտ տեսաբան, որ առաջարկում էր տնտեսության վերակառուցում փոխօգնության հիմքի վրա, այլ խոսքով` արհմիությունների և փոխանակային բանկերի հիմքով միավորված աշխատանքային գործընթացների բոլոր մասնակիցների միմյանց մատուցված ծառայությունների: Պրուդոնը համարվում է նախամարքսյան սոցիալիզմի մեծագույն ներկայացուցիչ, անարխասինդիկալիզմի նախահայր: Մասոնություն Պրուդոնն ընդունել է 1847 թ. «Անկեղծություն, միություն և բարեկամություն» լոժայում, Բեզանսոնում, ենթավարպետի աստիճանից առաջ չի գնացել: Պիեռ Ժոզեֆ Պրուդոնի ձեռնադրման փաստը, Մելորի կարծիքով, վկայում է աթեիզմի հաղթանակը Ֆրանսիայի Մեծ Արևելքում: «Արդարության մասին հեղափոխության և եկեղեցու մեջ» գրքում Պրուդոնը նկարագրում է իր մասոն դառնալը. «Ինչպես յուրաքանչյուր նորագիր, նախքան Լույսը ստանալը, ես պետք է պատասխանեի երեք հարցի` ի՞նչ է մարդը պարտական իր մերձավորին: Իր երկրին: Աստծուն: Առաջին երկու հարցերի իմ պատասխանը սպասվածի շրջանակներում էր: Երրորդ հարցին ես պատասխանեցի` պատերազմ»: Նույն աշխատության մեջ Պրուդոնը գրում է նաև հակադեիստական մասոնության մասին. «Մասոնների աստվածը ոչ սուբստանցիա է, ոչ պատճառ, ոչ հոգի, ոչ մոնադ, ոչ արարիչ, ոչ հայր, ոչ գոյ, ոչ սեր, ոչ փրկիչ, ոչ սատանա, ոչինչ, որ համապատասխանի տրանսցենդենտալ հայեցակարգին: Մասոնները ամբողջ մետաֆիզիկան մի կողմ են նետել: Մասոնների Աստվածը տիեզերական հավասարակշռության մարմնավորումն է: Աստված Ճարտարապետ է, նրա ձեռքին կարկին է, հարթաչափ, անկյունաչափ, մուրճ` չափագրության և աշխատանքի գործիքներ: Բարոյականության ոլորտում այդպիսի Աստծո հաստատած կարգը արդարությունն է: Ահա և ձեզ մասոնական ամբողջ աստվածաբանությունը»:

ԱՆՐԻ ԺԱՆ ԴՅՈՒՆԱՆ (1828-1910)

Հայտնի ֆիլանտրոպ, «Կարմիր խաչի» հիմնադիր: Դյունանը 1901 թ. խաղաղության Նոբելյան մրցանակակիր է: Մասոնության պատմաբան Ռ.Դենսլոուն Դյունանի մասոն լինելը համարում է ապացուցված:

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ (1854-1900)

Անգլիացի բանաստեղծ, դեկադանսի և նրբագեղ ոճի ներկայացուցիչ: 1875 թ. մայիսի 25-ին նրան շնորհվել է Վարպետի աստիճան Օքսֆորդի համալսարանի № 357 լոժայում:

ՄԱՐԿ ՏՎԵՆ (ՍԵՄՅՈՒԵԼ ԿԼԵՄԵՆՍ, 1835-1910)

Ամերիկացի հայնրահայտ գրող, երգիծաբան: Տվենն անդամակցել է մասոնական «Հյուսիսային աստղ» № 79 լոժային 1861 թ. մայիսի 22-ին: Ճանապարհորդություններից մեկի ժամանակ նա իր լոժայի հասցեով Պաղեստինից «մուրճ» է ուղարկում` կից նամակով: Իրեն հատուկ երգիծախառտ ոճով Տվենը եղբայրներին հայտնում է, որ մուրճի կոթը եղբայր Կլեմենսը հատել է լիբանանյան մայրենուց, որ ժամանակին տնկել է եղբայր Գոֆրեդ Բուլոնացին Երուսաղեմի պատերի մոտ:

ՇԱՐԼ ՌԻՇԵ (1850-1935)

Ֆրանսիացի ֆիզիոլոգ և իմունոլոգ, որ հայտնի է դարձել նյարդային և մկանային համակարգերի ֆիզիոլոգիայի, սոմնամբուլիզմի և պատվաստուկային թերապիայի բնագավառում իր աշխատանքներով: 1902 թ. նա բացահայտել է անաֆիլակսիան: 1913 թ. Շարլ Ռիշեն արժանացել է Նոբելյան մրցանակի բժշկության ոլորտում: Ռիշեն առաջիններից մեկն է ուսումնասիրել պարապսիխոլոգիան: Նա եղել է Փարիզի «Տիեզերք» լոժայի անդամ:

ՌՈԲԵՐՏ ԷԴՎԻՆ ՊԻՐԻ (1856-1920)

Ամերիկացի ճանապարհորդ-բևեռախույզ, 1909 թ. հասել է Հյուսիսային բևեռ: Պիրին եղել է Նյու Յորքի № 454 «Քեյն» լոժայի անդամ, որին պահպանության է հանձնել բևեռային արշավախմբում իր հետ եղած մասոնական դրոշը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ